Փախուստ մեկուսարանից

Ինքնամեկուսացածի օրագիր # 6. ճամփորդական

Մեկուսացման առաջին օրերին չես զգում իրականությունը. մտածում ես մի քանի օր է, կանցնի-կգնա ու կշարունակենք մեր բնականոն կյանքը:  Բայց օրացույցի վրա ջնջված օրերի քանակն ավելանում է ու ոչինչ չի փոխվում: Ֆիլմերում բանտարկյալները, երբ հասկանում են, որ դա վերջն է, սկսում են փախուստի ելքեր գտնել: Սկզբում ուսումնասիրում են շրջապատը, գրանցումներ անում, վերահսկողության մակարդակն են ստուգում ու գծում են փախուստի պլանը:

Փախուստ մեկուսարանից: Ի՞նչ է հարկավոր. մեքենա, փաստաթղթեր ու շատ մեծ ցանկություն: Ծրագրված է: Գնացինք: Երևանից դուրս գալիս՝ առաջին իսկ ոստիկանակետում, կանգնեցրին մեքենան: Պետք էր ժպտալ, ցույց տալ փաստաթղթերը ու շարժվել առաջ (իսկ եթե լուրջ. եթե մենք չունենայինք պետական փաստաթղթեր, չէինք անցնի, ուստի խորհուրդ չեմ տա փորձել): Այդպիսի մի քանի անցակետ անցանք, մինչև զգացինք ազատության շունչը: Լեռնային լճի ջուր, մաքուր լողափ, լռություն, խաղաղություն. այն ամենը, ինչն անհրաժեշտ է  քաղաքային սպառված օրգանիզմին:

Անմարդաբնակ կղզիներ միայն ֆիլմերում եմ տեսել: Աշխարհում քիչ տեղեր են մնացել, ուր մարդը ոտք չի դրել. ամենուր շինարարություն է, նոր կառույցներ, ժամանցի ու զվարճանքի վայրեր: Մարդն ամենուր էր, նույնիսկ մոլորակից դուրս էր որոշել հասնել: Բնության վրեժը չուշացավ… Աշխարհում մարդկությունը մեկուսացել է տներում, ու հիմա  շատ անկյուններ կան, որոնցում կարելի է գտնել կուսական բնություն և քաղաքակրթությունից մեկուսացված վայրեր, որտեղ մարդն այլևս գլավոր դերում չէ:

Բնությունը դուրս է մղում մարդկանց շրջակա միջավայրից, որպեսզի պաշտպանի ինքն իրեն: Գիտակցում ես դու դա թե ոչ, բայց տիեզերքը զարգանում է այնպես, ինչպես պետք է։ Սարերի, լճերի, արևի ու աստղերի պես՝ դու ծնվել ես Տիեզերքից և իրավունք ունես այստեղ լինել։ Զգալ տիերզերքի անսահմանությունը, լիցքավորվել այդ անբացատրելի էներգիայով ու շարունակել ապրել…

Դիտեք որորների պարն ինքնամեկուսացման օրերին ու զգացեք ազատության թռիչքի հզորությունը:

 

 

 

Leave a comment