Հայոց լեզուն տարբեր ընկալումներով

Ինձ հետաքրքիր էր մի հարց. ինչո՞ւ 9-րդ դասարնների քննության աշխատակարգում ոչ մի բառ չկա սփյուռքից եկած սովորողների մասին: Հարցիս պատասխանեց պարոն Արշակյանը, մատնանշելով 388 ն հրամանի ներքոնշյալ հատվածին, որին իհարկե ես ծանոթ էի. «Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Տվյալ դեպքում սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ավարտական, պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»»:

Այնուհետև իմ հարցերին փորձեց պարզաբանումներ տալ տիկին Մակյանը, բայց այդպես էլ ես չհամոզեց:

Բացտրեք խնդրեմ նշված կետում որտեղ եք տեսնում սփյուռքահայ սովորողին: Չէ որ լիբանանահայը հայոց լեզու և գրականություն իր երկրում ուսումնասիրել է, բայց լիբանանահայերենով, ոչ թե արևելահայերենով:Անցել են հայոց պատմություն, բայց բոլորովին այլ ծրագիր, նույնը մաթեմատիկան է, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը:

Ավագ դպրոցում ունենք այսպիսի պատկեր.

Ժիրլաքյան Հրակն ու Քոսպեկյան Հրակը սովորել են Լիբանանի հայկական դպրոցում, Հայաստան են եկել 2018-2019 ուսումնական տարում: Անցել են հայերեն՝ գրավոր արտահայտություններ, բանավոր արտահայտություններ, ուղղագրություն, գրավոր ստուգում, անցել են նաև հայոց պատմություն, ֆիզիկա, քիմա,կենսաբանություն,ազգային դաստիարակություն,աշխարհագրություն, պատմություն:

Մուրադ Իսսան, Զակերի Ալին, Անդջերողլի Սերան, Իսաղուլյան Միրոն սովորել են ԱՄԷ-ում և Իրանում: Հայաստան են տեղափոխվել համապատասխանաբար վերջին երկու և մեկ տարում: Նրանց ուսումնասիրած առարկաների մեջ չկա Հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և հայերենի ուսումնասիրությունը սկսել են կրթահամալիրում:

Ինձ համար անհասականելի է լիբանանահայ սովորողները կարո՞ղ են չմասնակցել քննությանը: Կարգում ընդհանուր ինչ-որ բան է գրված, գրելու համար: Ինձ տրված պատասխաններն էլ էին այդպիսին, առանց որևէ հիմնավորման: Ասում են ֆիզիկան կարող են հանձնել, մաթեմատիկան էլ: Ախր չէ որ մենք խոսում ենք տարբեր կրթական ծրագրերի մասին: Մաթեմատիկան այլ բովանդակություն է ունեցել, արաբերեն կամ պարսկերեն տերմինները հեչ էլ միջազգային չեն: Տեքստային խնդիրը ինչպե՞ս են հասկանալու այդ սովորողները: Ինձ ասում են սովորողների կողքը կարող է ուսուցիչ նստել, որ օգնի: Հարցնում եմ՝ այդ ո՞ր օրենքով: Առաջին՝ քննասենյակում մասնագետ չի կարող լինել, իսկ ոչ մասնագետը ինչպե՞ս կարող է օրինակ ածանցյալ բառը բացատրի, որ այդ սովորողը կարողնա խնդիրը լուծել:

Այսպիսի անտրամաբանական հարցերի շարք է առաջանում, որոնք մինչև վերջ ուսումնասիրված չեն: Այստեղ չկա համընդհանուր ներառականություն, կա խտրականություն, չկա մանկավարժություն, կա անհասկանալի կարգ, որը գրված է մարդկանց կողմից, ովքեր դասարան չեն մտել ու պատկերը չեն հասկանում:

Ձեռքիս տակ է «Հայաստանի հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրմանն ուղղված հայոց լեզվի ուսուցման դասընթացների ծրագիրը», որը տրամադրեցին նախարարությունից, որ դրանց միջոցով կարողանանք հայերենի արագացված դասընթացներ կազմակերպել այդ սովորողների համար: Խնդրում եմ ծանոթացեք այդ դասընթացի ծրագրին ու մի հատ էլ նայեք հայերենի թեստը, մյուս առարկաների առաջադրանքները: Այստեղ հարցը միայն լեզուն սովորելն էլ չէ, բա լեզվամտածողությունը…

Leave a comment