Հյուսիսային մայրաքաղաքը

Երբեք կյանքն այսքան շռայլ չէր գտնվել իմ հանդեպ: Աշունը Պետերբուրգում երազանքների շարքից է, որոնք անկատարների թվին էի դասել ու ահա, այ քեզ հաջողություն, հրաշքներ լինում են: Ընդամենը 3-4 ժամ ու դու արդեն այլ ժամային գոտում ես, այլ կլիմայական պայմաններում, այլ իրականությունում: Երևանյան ջերմ ու արևոտ օրերն անմիջապես փոխարինվեցին ամպամածությամբ,  իսկ չորությունը՝ խոնավությամբ:

Ինքնաթիռից արդեն զգում էի այս երկրի հզորությունը՝ անծայրածիր անտառներ, ափերը ողողող ծովեր ու ծոցեր: Այդքանն էլ հերիք է բնությունից՝ հզորանալու համար:

Հյուսիսային մայրաքաղաքի ուժն ուրիշ է՝ մոխրից վերածնված մի քաղաք, որտեղ ամեն քայլի պատմություն է, մշակույթ, ուրույն ճարտարապետություն՝ եվրոպական դիմագծերով: Թագավորական պալատներ, ոսկեգմբեթ  եկեղեցիներ և իհարկե քաղաքի հմայքը՝ 48 գետեր և ջրանցքներ, որոնք կամուրջների միջոցով կղզյակներ են ստեղծում ու քաղաքը բաժանում տարբեր հատվածների: Կամուրջների մասին չխոսելն անհնար է, բոլորին են հայտնի բաժանվող կամուրջները, որոնք բացվում են գիշերը ժամը մեկից սկսած ու հնարավորություն են  տալիս հսկա նավերին  Բալթիկ ծովից Նեվայով անցնեն եվրոպական շրջանները:Նավերը փակվում են լուսաբացին մոտ:

Կամուրջների բաժանումը անբացատրելի սիրուն է: Քաղաքի լույսերը արտացոլվում են ջրի մեջ և տեսարանն ավելի գունեղ դարձնում: Երեկոյի իջնելուն պես քաղաքը թաթախվում է լույսի մեջ:

Սիրում եմ այսպիսի քաղաքները, որտեղ պատմությունն ամենուր է: Պետերգոֆ. կարծես ժամանակի մեքենան տեղափոխեց այլ ժամանակաշրջան և ուր որ է ֆիննական ծոցից ջրանցքով կանցնեն նավերը ու կկայանեն պալատի առջև ու կիջնի թագավորն իր նազիր վեզիրների ուղեկցությամբ:  Մի քիչ էլ առաջ շարժվես՝ կանաչի մեծ  կորած այգում կհանդիպես թագուհուն, ով վեհ կեցվածքով քայլում է՝ վայելում ծոցից եկող մեղմ քամին: Ժամանակն այստեղ կանգնած է՝ թագավորական կյանքի շքեղությունն ակնառու է ամենուր:

Պատմությունն է կերտել քաղաքը ու կարևոր է, որ ժամանակակիցները չեն վերացրել ճարտարապետական դեմքը: Բարձրահարկ նորակառույցներ չեք հանդիպի քաղաքում, դրանք ծայրամասում են տեղակայված: Կենտրոնական թաղամասերի տներում ապրում են բնիկ պետերբուրգցիները: Այդ տները հիմնականում հանրակացարաններ են առանց հարմարությունների: Բայց գիտեք ամենահավեսը որն էր, երբ այդ շենքերի տանիքներով Կառլսոնի պես ման ես գալիս: Տեսարան է, այ քեզ հրաշք, վտանգն էլ ուղեկից. բա որ սահես ու ընկնես, բայց արժեր այդ վտանգը զգալ, ծխնելույզից ծխնելույզ անցնել ու քաղաքի տիրակալ երևակայել:

 

 

Leave a comment