Տրամաբանությունից դուրս

Ամերիկացի նշանավոր փիլիսոփա-իդեալիստ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Սիդնի Հուքը այսպիսի  մի միտք ունի. «Յուրաքանչյուր ոք,կրթության մասին խոսելիս, հիշում է իր ուսուցիչներին, ոչ թե մեթոդները և տեխնիկան: Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է»: Փիլիսոփայի մոտեցումն է, որի մասին  կարծիք չեմ հայտնի, պարզապես մոտեցումներս կշարադրեմ դպրոցի, ուսուցչի, կրթության և աբսուրդի մասին:

Կրթության  և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օրեր առաջ «Արդի կրթական զարգացման հեռանկարները թեմայով քննարկման  ժամանակ իր ելույթում ասաց, որ պետք է  դպրոցներում այնպիսի մթնոլոտ ստեղծվի, այնպիսի կրթական բարեփոխումներ պետք է արվեն, որ ունենանք անկախ մտածելակերպով, քննադատող, վերլուծող աշակերտ: Հրաշալի է:  Իսկ ի՞նչ է արվել կամ արվում այդպիսի աշակերտ ունենալու համար.

  • դե դասագրքերը երկու հատորով են լինելու, որ ծանր չլինի
  • պատմության դասագրքերում մարտի 1-ի իրադարձությունների ներկայացումը վերանայելու համար ստեղծվել է հանձնաժողով
  • «Շախմատ» առարկայի դասավանդմանը նախարարը կողմանակից է
  • Քանի՞ բալ հավաքելու դեպքում աշակերտը կփոխադրվի հաջորդ դասարան. Արայիկ Հարությունյանի նոր հրամանը
  • 9-րդ դասարաններում Հայոց լեզվի քննությունը կլինի կենտրոնացված

Կրթության որակին ուղղված բարեփոխումների շարքը կարող եմ դեռ երկար շարունակել, բայց կկանգնեմ վերջին երկուսի վրա:

Ինչու՞ հենց հայոց լեզուն, մյուս առարկաներն ինչո՞վ լավը չեն, ի՞նչ է մյուս առարկաների քննությունների ժամանակ տնավարություն չկա՞, իրար չե՞ն օգնելու, կոռուպցիա չկա՞:

Ամեն ինչ արվում է, որ հայաստանցի աշակերտը ատի մայրենի լեզուն: Թեստավորելով՝ փորձում են ստուգել գիտելիքը: Բայց թեստի մեջ ինչ որ չի երևում անկախ մտածելակերպով, քննադատող, վերլուծող աշակերտը: 

Հեղինակային կրթական ծրագրի սովորողին պետք չէ թեստավորել, որպեսզի բացահայտենք նրա մտածելակերպը:  Ինչո՞ւ պիտի բլոգավար սովորողը թեստով քննություն հանձնի. մի՞թե ամեն օր իր բլոգով նա հանրային քննություն չի հանձնում։ Խոսքս ավելի համոզիչ դարձնելու համար կցեմ սովորողներիս ճամփորդական պատումները: Ճամփորդությունն իրական ուսուցում է. նախապատրաստում, ուսումնասիրություններ մինչև ճամփա ընկնելը, ուսուցում՝ ճանապարհին ու վերլուծություններ, մտքեր արդեն վերադարձից հետո:

Քանի՞ քննադատող սովորող կբացահայտեք թեստի միջոցով: Պատասխանը մեկն է՝ ոչ մի: Այստեղ կրկին կխոսեմ կրթահամալիրի այլընտրանիքց: Եթե սովորողը ուսումնասիրում է կառավարության ծրագիրը ու այդ մասին գրում, քննադատում, առաջարկներ անում, միթե սա այն չէ, ինչ մենք ենք ուզում՝ ազատ, մտածող քաղաքացի:

Թեստի միջոցով ոչինչ էլ չեք պարզի, դա ընդամենը վարժանք է, որը ոմանք լավ են սերտում, ոմանք՝ ոչ:

Եկեք հիմա մի էքսկուրս կատարենք սոց ցանցերում, պաշտոնական կայքէջերում, լսենք լրագրողների, պաշտոնատար անձանց, պատգամավորների, դերասանների և այլն: Կտեսնեք բազմաթիվ վրիպակներ, ոչ ճիշտ ձևակերպված մտքեր, տառասխալներ: Ստացվում է, որ լեզվական սխալներ անող պաշտոնյաներ կարող են լինել, 9-րդ դասարանցիներ՝ ո՞չ։ Գուցե նույն թեստերով քննություն լինի նախ՝ ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների համար, հետո՝ ամենատարբեր այլ պաշտոնյաների, լրագրողիների, գործիչների, այլ առարկաների ուսուցիչների, …… համար։ Հանկարծ չպարզվի՞, որ ազգը մայրենիի խնդիր ունի։

Մի մեջբերում անեմ   «Քանի՞ բալ հավաքելու դեպքում աշակերտը կփոխադրվի հաջորդ դասարան հրամանից . «2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան»: Իսկ ո՞վ է գնահատողը և փոխադրողը: Պատասխանը պարզ է՝ ուսուցիչը: Փաստորեն նշված դասարաններում ուսուցչի դրած գնահատականը չենք կասկածում, սովորողը կարող է փոխադրվել հաջորդ դասարան, բայց 9-րդ դասարանում կասկածում ենք, այն էլ այն դեպքում, որ 12 ամյա կրթությունը պարտադիր է : Ու գիտեք ծիծաղելին որն է. քնության կարող են մասնակցել այն սովորողներն, ովքեր չունեն տարեկան անբավարար գնահատական տվյալ առարկայից:  Ու այդ գնահատականը էլի ուսուցիչն է նշանակում: Մի դեպքում վստահում ենք, ուսուցչին, մյուս դպքում՝ չէ: Շարունակելով հետևողական լինել՝ անցնենք առաջ: Քննությունը միասնական է, իսկ վերաքննությունը՝ ոչ:  Ինչի՞ համար է դա արվում, որ դպրոցում դրական ստանան, հա՞: Ես այդպես չէի անի:

Պատկերացրեք մի իրավիճակ. ուսուցիչները, լինելով խիստ հետևողական, անբավարար են նշանակում մեծ թվով սովորողների, նրանք էլ չեն փոխադրվում հաջորդ դասարան: Պետբյուջեն քանի՞ տարի գումար կհատկացնի նույն մարդուն նույն դասարանում սովորելու համար, կամ քանի՞ մարդու համար է նախատեսում վճարել ոչ թե 12, այլ 13, 14, 15 տարի։

Անտրամաբանական է չէ՞:

Փաստորեն 9-րդ դասարաններում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչներն են այդ կաշառակերները: Այնքան կոռումպացված են, որ նույնիսկ քննությունը կիրակի օրով անցկացնելու  պատիժ են ստացել: Ներեցեք,  բայց  ո՞վ է ձեզ թույլ տվել Աստծո կողմից մեզ շնորհված հանգստի կիրակին աշխատանքային դարձնել, դուք վճարելու՞ եք ուսուցիչներին, կազմակերպիչներին  ու տնօրեններին  հանգստյան օրը աշխատեցնելու համար:

Անտրամաբանությունների շարքը շարունակեմ ու կանգ առնեմ համընդհանուր ներառականությանը:

9-րդ դասարանում Հայոց լեզվի քննությանը ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ավարտական քննությունները կարող են հանձնել  իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների ընտրության՝ իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ: Կխնդրեի այս կետը գրողը վերցներ հեռախոսը ու հատ-հատ զանգահարեր հատուկ կարիք ունեցող սովորողների ծնողներին և տեղեկացներ, համոզված եմ առաջին հինգ զանգից հետո կփոշմանեք, որ նման բան եք գրել: Հատուկ կարիքով սովորողների համար  կազմվում է անհատական ուսումնական պլան՝ կարիքին համապատասխան, բայց գրում է այն թեստը ինչ մյուսները:

Ի՞նչ ներառականություն, եթե անբավարար ստացածները դուրս են մնում, կարիքովները ընտրելու իրավունք են ունենում, մյուսները՝ ոչ, քննությունը միասնական է, վերաքննությունը՝ տեղային…

Սփյուռքահայ սովորողների մասին տառ անգամ չկա աշխատակարգում, կարծես  նրանք գոյություն էլ  չունեն: Բայց չէ, մի րոպե սպասեք, հիշու՞մ եք  ներգաղթյալների երեխաներին ընդառաջելու հայտնի կոչը: Նախկինում էլ եմ ասել, կոչեր անելը հեշտ է, բայց  ու՞ր են այդ կոչի շահագրգիռ մասնակիցները: Արևելահայերենով ինչպե՞ս են քննություն հանձնելու լիբանանահայերը, իրանահայերը, Էմիրություններից, ԱՄՆ-ից եկած հայ սովորողները:  Հավատացեք դժվար է մի քանի ամսում այլ կրթական,լեզվական  համակարգից տեղափոխված սովորողներին  վարժեցնել ԳԹԿ-ում կազմած՝ հայերենի հետ կապ չունեցող թեստերին:

Կրթական բարեփոխումների,  «քննական կոռուպցիայից»  խուսափելու լավագույն ձևը քննությունները հանելն է: Դա ավելորդ լարում է, ռեսուրսների կորուստ, չէ որ ի վերջո գնահատողը, ստուգողը մնում է ուսուցիչը:

 

Leave a comment